Բռնցքամարտի ՀՀ առաջնությունը հետաձգվեց
Հայաստանի բռնցքամարտի 2011 թվականի առաջնությունը տեղի կունենա ոչ թե հունիսին, այլ հուլիսին: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
«Այս տարի քանի որ անցկացվելու է Եվրոպայի առաջնություն, որը կայանալու է հունիսին, մենք որոշ փոփոխություններ կատարեցինք մրցումների օրացույցում: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարի արդյունքներով ստեղծվել է հավաքական, որը կմասնակցի եվրոպական ստուգատեսին: Իսկ հուլիսին կայանալիք Հայաստանի առաջնությունից հետո արդեն կձեւավորվի նոր ազգային թիմ, որը հանդես կգա Բաքվում նախատեսված աշխարհի առաջնությանը»,-ասաց նա:
Մեր այն հարցին, արդյոք մենք մասնակիցներ ունենք վաղը Անթալիայում մեկնարկող աշխարհի աղջիկների եւ պարմանուհիների առաջնությանը, Լյովա Հովհաննիսյանը պատասխանեց. «Կանանց բռնցքամարտը մեր մոտ դեռ սաղմնային վիճակում է գտնվում: Արդեն կան բռնցքամարտով զբաղվող աղջիկներ, սակայն նրանք պարբերաբար չեն մարզվում, ուստի պատրաստ չեն մասնակցելու խոշոր միջազգային մրցաշարերին»:
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կանանց բռնցքամարտի հանրապետական առաջնություն: