Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» առաջինը մտավ եզրափակիչ

Սպորտ
eabb25258bf6fdf35d53776e595bb246

«Գավաթային խաղերը միշտ էլ դժվար պայքարում են անցնում: «Բանանցը» լավ թիմ է, չնայած այս տարի վատ է խաղում առաջնությունում: Առաջին խաղակեսում նպատակ էինք դրել գոլ բաց չթողել, իսկ երկրորդում մեզ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը եւ հաղթանակ տանել: Շնորհակալ եմ բոլոր խաղացողներից, սկսած դարպասապահից, մինչեւ պահեստային խաղացողները: Նրանք կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը» - ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան «Բանանց» - «Միկա» խաղից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը:

Իսկ ահա «Բանանցի» նրա գործընկեր Ստեւիցա Կուզմանովսկին հերթական անգամ զարմացած էր իր թիմի անհաջող խաղի կապակցությամբ: «Ինչպես նախորդ «Իմպուլսի» հետ խաղին, մենք այսօր էլ շատ պահեր ստեղծեցինք, բայց այդպես էլ չկարողացանք դրանք իրացնել եւ նորից պարտություն կրեցին: Չեմ կարծում, որ թիմը գտնվում է խաղային ճգնաժամում, պարզապես ֆուտբոլիստների խաղում զգացնել է տալիս փորձի պակասը»:

Մակեդոնացի մասնագետը նաեւ նշեց, որ «Բանանցի» խաղերին ոչ միշտ է մրցավարությունը լինում բարձր մակարդակի վրա, ինչը որոշ չափով ազդում է խաղերի ելքի վրա:

Մասնավորապես, այս խաղում «Բանանցի» պաշտպան Արարատ Առաքելյանը գրավեց «Միկայի» դարպասը, սակայն գլխավոր մրցավարը չեղյալ համարեց այն` արձանագրելով հարձակում դարպասապահի վրա: «Արարատը բարձրահասակ խաղացող է եւ շատ լավ է ցատկում: Իմ կարծիքով նա օդային պայքարում խաղի կանոնների խախտում թույլ չտվեց եւ մաքուր գոլ խփեց» - այդ դրվագի կապակցությամբ ասաց Ստեւիցա Կուզմանովսկին:

Նշենք, որ այսօր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Երեւանի «Միկան» 1;0 հաշվով հաղթելով «Բանանցին», առաջինը մտավ եզրափակիչ (թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 3:3):

Եզրափակիչ խաղի երկրորդ մասնակիցը կորոշվի կիսաեզրափակիչ «Ուլիս» - «Շիրակ» պատասխան հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է ուլիսցիների հաղթանակով` 1:0: