Ստամբուլում կպայքարեն մեր 6 ձյուդոյիստները
Այսօր Ստամբուլում կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
«Ա1+»-ի մարզական թղթակիցը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Դավիթ Խիթարյանից տեղեկացավ, որ այսօր երեկոյան մեր մարզիկները կիմանան իրենց առաջիկա մրցակիցների անունները:
«Մեր ձյուդոյիստներին լուրջ փորձություն է սպասվում Եվրոպայի առաջնությունում, քանի որ ավելի շատ մարզիկներ են մասնակցելու, քան նախկինում: Պատճառն այն է, որ այս մրցաշարից գործելու է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնակարգը, ըստ որի մեկ քաշային կարգում յուրաքանչյուր երկիր կարող է հայտավորել երկուական մարզիկ»,-ասաց նա:
Դավիթ Խիթարյանը նաեւ ասաց, որ մրցաշարը ռեյտինգային է, ուստի ցանկացած հաղթանակ կարեւոր նշանակություն ունի: «Եվրոպայի չեմպիոնը կվաստակի 180 ռեյտինգային միավոր: ՁՄՖ-ի նոր կանոնակարգով 2012 թ օլիմպիական խաղերին կմասնակցեն դասակարգման աղյուսակներում 1-22-րդ տեղերը զբաղեցնող մարզիկ-մարզուհիները: Ճիշտ է, ռեյտինգային միավորների հաշվարկումը կավարտվի 2012 թ մայիսին»:
Այդ հաշվարկով այս պահին մեր ձյուդոյիստներից օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնում են Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը, որոնք դասակարգման աղյուսակներում զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ եւ 17-րդ տեղերը:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 5 մարզիկ եւ մեկ մարզուհի. Հովհաննես Դավթյան (60 կգ , Գյումրի), Արմեն Նազարյան (66 կգ, Հրազդան), Համբարձում Տոնոյան (66 կգ, Գյումրի), Արտյոմ Բաղդասարյան (73 կգ, Գյումրի), Հակոբ Առաքելյան (100 կգ, Երևան), Գայանե Հարությունյան (48 կգ, Երևան):
Հավաքականի գլխավոր մարզիչն է ռումինացի մասնագետ Ադրիան Կրոիտորուն:
Թուրքիայում մեր պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, ռումինացի Կոնստանդին Բոգդանը: