Նախագահը խոստումներ տվեց երկրպագուներին
Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ Ռուսաստան - Հայաստան ընտրական խաղին ռուսաստանցի երկրպագուները այնպիսի հավաքական կտեսնեն, որի մասին միշտ երազել են:
«Ռուսաստանի ընտրանին գերազանց արդյունք է ցույց տվել Եվրո-2012-ի վերջին 4 խաղերում, որոնցում տարել է երեք հաղթանակ եւ միայն Հայաստանի թիմի հետ է ոչ-ոքի խաղացել: Ինչ վերաբերում է սեփական հարկի տակ Սլովակիայից կրած միակ պարտությանը, ապա այն պարզապես վրիպում էր»,-ասել է նա:
Սակայն Սերգեյ Ֆուրսենկոն չի պարզաբանել, թե ռուսաստանցի երկրպագուներն ինչպիսի երազանքներ են տածում կապված ֆուտբոլի հավաքականի հետ:
Նա նաեւ անդրադարձել է ազգային թիմի ավագ Անդրեյ Արշավինի հարցին, ում քննադատում են բոլոր այն լրագրողները, ովքեր չեն ալարում դա անել:
«Արշավինը շարունակում է մնալ թիմի ավագ, քանի որ նա մեծ հարգանք է վայելում թիմակիցների շրջանում: Համոզված եմ, որ առաջիկա խաղերում Արշավինը ցույց կտա իր բարձր կարգը» - եզրակացրել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2012 թ առաջնության Ռուսաստան - Հայաստան ընտրական խաղը տեղի կունենա հունիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգում: