Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիայի արտաքին գործերի նախարարին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը:

 
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:
 
Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաեւ Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը:
 
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ եւ կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բեւեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:
 
Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում:
 
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները: