Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Clipboard01
A A
Պաշտոնական Հասարակություն

Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում

Օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։ Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։

*** Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, չորս օպերատիվ խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և անօդաչու թռչող սարքավորումների ստորաբաժանման օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տվյալների տարբեր օջախներով այրվում է մոտ 65 հա խոտածածկույթ․ կա հրդեհի տարածման վտանգ դեպի Հորս բնակավայրի մոտակայքում գտնվող անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող, 17 տեխնիկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից, Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ, կիրառվել են մի քանի անօդաչու թռչող սարք և ՀՀ ՊՆ մեկ ուղղաթիռ։ Ուղղաթիռից հրդեհի դժվարամատչելի օջախների ուղղությամբ իրականացվել է ջրի թիրախային 8 բացթողում։ Ժամը 19։05-ի դրությամբ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառածածկ տարածք։ Ժամը 22:30-ի դրությամբ դեպքի վայրում առկա են հրդեհի փոքր օջախներ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. երկու մարտական հաշվարկ երեք տեղամասերում իրականացրել է հերթապահություն: Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

*** Օգոստոսի 3-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին: Ժամը 21:20-ի դրությամբ մթության և բարդ ռելիեֆի պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: