Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230630_130752
A A
Հասարակություն

«Հայաքվե» նախաձեռնությունը Երևանում․ օր 2-րդ

Արդեն երկրորդ օրն է՝ ինչ սկսվել է «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանում։ Ա1+-ը եղավ Տերյան 44 հասցեում, ուր անցկացվում է ստորագրահավաքը։ Մասնակցելու են եկել` երիտասարդներ,զինվորականեր, թոշակառուներ։

Մարդկանց հոսքը գնալով ավելանում էր։

Զրուցեցինք ստորագրահավաքի մասնակիցներից մի քանիսի հետ։ Քաղաքացի Վարդան Աբրահամյանը նախաձեռնությանը մասնակցում է, քանի որ «դանակը ոսկորին է հասել» սակայն կարծում է` ստորագրահավաքը արդյունք չի տա։

Նույն կարծիքը ունի 77 տարեկան Մովսես Հարությունյանը, քանի որ ըստ իրեն՝ մարդկանց մեծ մասը չեն մասնակցի։

Իսկ Աննա Մկրտչյանը, որը այսօր է ժամանել Գերմանիայից, եկել է մասնակցելու «Հայաքվե»-ին։  Նա մասնակցել է նման այլ ստորագրահավաքների,  բայց այս անգամ մեծ հույսեր ունի,  կարծում է` եթե խոչընդոտներ չլինեն դրական արդյունք կունենանք։

«Հայաքվե» նախաձեռնության անդամների հետ զրույցում պարզեցինք, որ օրվա ընթացքում խոչընդոտներ չի գրանցվել և ամեն ինչ ընթանում է իր բնականոն ընթացքով։ Դժվարացան նշել քանի քաղաքացի է մասնակցել,  սակայն հավելեցին, որ հաջորդ շաբաթվանից կայքում տեղադրվելու է հաշվիչ, որտեղ յուրաքանչյուր օրվա ստորագրությունների թիվը երևալու է։ Այնտեղ գումարվելու է նաև էլեկտրոնային ստորագրությամբ մարդկանց քվեարկությունը։

Ա1+-ի հետ զրույցում ասացին, որ նախատեսում են նաև կարճ ժամկետով մեծ համայնքներում ևս բացել շտաբեր։

Այսօր բացվել է ստորագրահավաք նաև Գյումրիում, հաջորդը նախատեսում են` Վանաձորում, ապա մյուս մարզկենտրոններում:

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։

Եվ եթե 60-օրյա ժամկետում հավաքեն 50 000 ստորագրություն և ԿԸՀ հաստատի ստորագրությունների իսկությունը, հարցը ներկայացվելու է Ազգային ժողովին։