Շախմատիստները բողոքում են
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները բաց նամակ են ներկայացրել մրցաշարի կազմակերպիչներին` պահանջելով խստացնել կանոնները:
«Հաշվի առնելով այն խոսակցությունները եւ հայտարարությունները, որ մասնակիցները առաջնության ժամանակ օգտվում են էլեկտրոնային սարքերից, մրցաշարում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ հնարավոր չէ հանգիստ խաղալ եւ համոզված լինել, որ մրցակիցները չեն խախտում կանոնները» - նշված է նամակում:
Շախմատիստները կազմակերպիչներից պահանջել են ավելի խստացնել մասնակիցների ստուգումը, թույլ չտալ մրցասրահ անցկացնել անգամ անջատված վիճակում գտնվող որեւէ էլեկտրոնային սարք, ինչպես նաեւ անջատել շախմատի էլեկտրոնային տախտակները, եթե դա պահանջում է մասնակիցներից մեկը:
Ի դեպ, նամակը ստորագրած ավստրիացի շախմատիստ Մարկուս Ռագերը վերջում ձեռագիր ավելացրել է, որ համաձայն է բոլոր կետերի հետ, բացի էլեկտրոնային տախտակների անջատելու գաղափարից: «Դրանք 15 րոպե ուշացմամբ միացնելն արդեն բավական է» - եզրակացրել է նա: