Մերոնք չհաղթեցին
Ֆրանսիայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում մեր ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տանել:
Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ ահա Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեցին:
Յոթ տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ բաժանում են 46-107-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Պոտկինը, ով իր ակտիվում ունի 6 միավոր:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 8-րդ տուրում մեր համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սամվել Տեր-Սահակյան - Վլադիմիր Հակոբյան պարտիան: Գաբրիել Սարգսյանը կմրցի հույն Ստելիոս Հալկիասի հետ, իսկ Արման Փաշիկյանը մրցակիցը կլինի ֆրանսիացի Սեբաստիան Մազեն:
Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար մեր այս չորս շախմատիստները պետք է միմիայն հաղթանակներ տանեն վերջին 4 տուրերում, քանի որ շվեյցարական մրցակարգի դեպքում առաջատարները շատ հաճախ գրոսմայստերական ոչ-ոքիներ են անում` իրենց դիրքերը պահպանելու համար: Մասնավորապես` 7-րդ տուրում մրցաշարի առաջատարների մասնակցությամբ 8 պարտիաներից 7-ը ավարտվել է ոչ-ոքի: