Բացել լրահոսը Փակել լրահոսը
28032023
A A
Պաշտոնական

15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան

Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահի պաշտոնը, իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով՝ կազմակեր-պության ու պետության իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս:

Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, չի կազմել շրջայցերի արձանագրություններ, անտառխախտման որևէ դեպք չի հայտնաբերել ու չի արձանագրել, սակայն 2020 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ու տրամագծի 112 ծառեր և 10 ճյուղեր:

2021 թվականի օգոստոսի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023 թվականի մարտի 23-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ Բ.Պ.-ն չի վերականգնել 15 մլն 172 հազար 500 դրամի պատճառված վնասը:

Լոռու մարզի դատախազի կողմից 2023 թվականի մարտի 28-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Բացի այդ, դատարան է ներկայացվել պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում: Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 20-ին Բ.Պ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված 5 մլն 43 հազար դրամ վնասի վերականգնման նպատակով):

Հանրային կապերի բաժին