
ԲՏՃՄ ուղղություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ է սահմանվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրման կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախագծի ընդունմամբ կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգի նոր և որակյալ կադրերով ապահովմանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորման կիրառումը խնդրահարույց է.
«Մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին, եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու, որպեսզի ստանա տարկետում:
Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ՝ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով զինված ուժերին զորակոչիկներով համալրումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ընտրվել են 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան և Հայաստանում ամերիկյան համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:
Նշվել է նաև, որ վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:
Սահմանվում է ՀՀ բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն: Ըստ նախարարի՝ չեն դիտարկվել ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով դիմորդների մեծ թիվն այս ուղղություններով: