Նախկին մրցավարը գոհ է
Անգլիացի նախկին մրցավար Ջեֆ Ուինտերը, մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի որակազրկումը, նշել է, որ նույնը կրկնվելու դեպքում հարկավոր է մասնագետին ավելի խստորեն պատժել:
«Նա մրցավարների վրա ճնշում գործադրելու բազում հնարքների է տիրապետում: Ալեքս Ֆերգյուսոնի որակազրկմամբ ֆուտբոլի միությունը ցույց տվեց, որ խստորեն պատժելու է նման քայլի դիմող յուրաքանչյուր մարզչին»:
Ջեֆ Ուինտերը միաժամանակ գտնում է, որ մրցավարներին կարելի է քննադատել միայն մի դեպքում` երբ նրանք անչափ լուրջ սխալներ են թույլ տալիս մեկ խաղի ընթացքում:
«Ներկայումս շատ դժվար է վարել ֆուտբոլային խաղերը, հատկապես ուժեղ թիմերի մասնակցությամբ հանդիպումները: Եթե Ֆերգյուսոնը չպատժվեր, ապա մարզիչների ճնշումը մրցավարների վրա գնալով կմեծանա»:
Իսկ ահա «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտպանել է իր գործընկերոջը: «Իմ կարծիքով Ֆերգյուսոնը լավ նկատառումներով է քննադատել մրցավարներին: Դեպքը տեղի է ունեցել իմ ներկայությամբ: Գտնում եմ, որ ֆուտբոլի միությունը շատ խիստ պատիժ է սահմանել»: