Դավիթ Նալբանդյանը սկսել է մարզվել
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որն անցած հինգշաբթի միանգամից երկու վիրահատության էր ենթարկվել, սկսել է վերականգնողական պարապմունքներ անցկացնել:
«Դավիթն արդեն իրեն լավ է զգում եւ սկսել է թեթեւակի հեծանիվ քշել: Երեք շաբաթ անց նա արդեն կարող է լիարժեք մարզումներ անցկացնել» - արգենտինական լրատվամիջոցներին տեղեկացրել է մարզիկին բուժող ֆիզիոթերապեւտը:
Նշենք, որ հայտնի թենիսիստը այս ամսվա սկզբին, Բուենոս Այրեսի միջազգային մրցաշարում, մկանային ցավերի պատճառով չէր կարողացել ավարտել իտալացի Պոտիտո Ստարաչեի հետ մրցախաղը: Նա ստիպված վիրահատության է ենթարկվել, քանի որ հերթական մարզման ժամանակ ցավերը շարունակել են անհանգստություն պատճառել:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, Դավիթ Նալբանդյանը նախատեսում է մասնակցել մայիսին Մադրիդում եւ Հռոմում կայանալիք երկու խոշոր միջազգային մրցաշարերից մեկին: