A
A
Հրդեհից զոհված զինվորների ծնողները 1 շաբաթ են տվել կառավարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները փետրվարի 20-ի վաղ առավոտյան նախ հավաքվել էին Պաշտպանության նախարարության, ապա՝ կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հետո նրանք մտել էին գործադիր մարմնի շենք։
Կառավարության շենքից դուրս գալուց հետո նրանք հայտարարել են, որ մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն Փաշինյանի և Պապիկյանի հետ։
Ցուցարարները հավելել են, որ եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։
«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային, մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին` ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասել է զոհված զինծառայողների հարազատներից մեկը։
Նրանք պնդում են, որ հարցաքննված զինծառայողների ցուցմունքները չեն համընկնում, հենց դրա համար էլ կարծում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։
Բացի այդ, կասկածներ ունեն նաև զինվորների զոհվելուց անմիջապես հետո արված ԴՆԹ հետազոտությունների ճշգրտության վերաբերյալ։
«Ինչպե՞ս կարող էին այդքան կարճ ժամանակում որոշել, թե ով ում երեխան է։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք արտաշիրիմում անել ու արտերկրում կրկին ԴՆԹ հետազոտություն անել», - ասել է զինվորներից մեկի պապը։