Նոր գլխավոր մարզիչ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ավետիք Վարդանյանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ըմբշամարտի բաժնի վարիչ Լեւոն Վարդանյանը: Նա կփոխարինի Արամ Մարգարյանին, որը օրերս հրաժարական է տվել:
Ազատ ոճի մեր երիտասարդ ըմբիշներն այժմ պատրաստվում են հանրապետական առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 5-8-ը, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում:
Իսկ ահա մեծահասակների հավաքականն այսօր ավարտվեց Վրաստանում այդ երկրի ընտրանու հետ համատեղ կազմակերպած ուսումնամարզումային հավաքը: Մարտի 12-24-ը մեր ազատոճայինները նոր հավաք կանցկացնեն Երեւանում, որից հետո կմեկնեն Դյուսելդորֆ, որտեղ մարտի 26-ից մինչեւ ապրիլի 2-ը տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի ազգային թիմին, ապա այն արդեն պատրաստվում է եվրոպական ստուգատեսին` ուսհավաք անցկացնելով Երեւանում: Իսկ երիտասարդական հավաքականը մեկնել է Մարիուպոլ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: