Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
23f76d9d711c52f37fb4f71aa42d57e8

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարտի 9-ից մինչեւ 20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում, որին կմասնակցեն 22 բռնցքամարտիկներ:

Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, հինգ բռնցքամարտիկներ այժմ պատրաստվում են մարտի 22-27-ը Չեխիայի Ուստի նադ Լաբեն քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային մրցաշարին:

Հավաքին ընդգրկված բոլոր բռնցքամարտիկները ապրիլի 11-17-ը կմասնակցեն Երեւանում նախատեսված միջազգային մրցաշարին, որը երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո:

«Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը լավ պատրաստվելն է: Այդ իսկ պատճառով առաջիկա մրցումներում պետք է ձգտենք հնարավորինս հաջող հանդես գալ, որպեսզի տղաները շատ մարտեր անցկացնեն եւ մրցակցային փորձ ձեռք բերեն» - ասաց Ռաֆայել Մեհրաբյանը:

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը ուսումնամարզումային հավաքներ կանցկացնի նախ Ծաղկաձորում, ապա` Երեւանում: