Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_03
A A
Քաղաքականություն

Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ): Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները․

- չի ապահովվել արտադրական շինությունների լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

- սարքավորումները, գործիքները չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում,

- արտադրամասն ապահովված չի եղել աշխատակիցների համար հանդերձարաններով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով,

- արտադրամասում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ, ինչպես նաև կոշիկներ, սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր,

- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։