«Ռեալը» խախտեց տխուր ավանդույթը
Մադրիդի «Ռեալին» հաջողվեց խախտել տխուր ավանդույթը եւ առաջին անգամ չեմպիոնների լիգայի խաղում ոչ-ոքի ավարտեց Լիոնում կայացած հանդիպումը:
Մինչ այդ արքայական ակումբի ֆուտբոլիստները երեք խաղ էին անցկացրել ֆրանսիական այդ քաղաքում, եւ բոլորում էլ պարտություն էին կրել: Ավելին, նրանք անգամ չէին կարողացել գրավել դաշտի տերերի դարպասը (0:3, 0:2, 0:1):
Այս անգամ «Ռեալը» վստահ անցկացրեց խաղը եւ առաջինը բացեց հաշիվը (65-րդ րոպեին աչքի ընկավ Բենզեման): Դաշտի տերերին վերահաս պարտությունից փրկեց Բաֆետիմբի Գոմիսը, որը խաղավարտից 8 րոպե առաջ օգտվելով «Ռեալի» պաշտպանների սխալից հավասարացրեց հաշիվը` 1:1: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին:
Զուգահեռ ընթացող «Կոպենհագեն» - «Չելսի» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0: Երկու գոլերն էլ հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան: