Բացել լրահոսը Փակել լրահոսը
1098892
A A
Քաղաքականություն

Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը»,-ասվում է հաղորդագրությունում: