Հուսադրող մեկնարկ
Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց ելույթը Քաթարում մեկնարկած շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 6-րդ փուլը` առաջին տուրում առավելության հասնելով ֆրանսուհի Մարի Սեբագի նկատմամբ:
Հայ շախմատիստուհին անցողիկ զինվոր ստացավ, եւ 58-րդ քայլին մրցակիցը ստիպված անձնատուր եղավ: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ:
Լիլիթ Մկրտչյանը առաջին պարտիայում խաղաղ դաշն կնքեց շվեդուհի Պիա Կրամլինգի հետ: Մրցակիցները հաշտություն կնքեցին 44-րդ քայլին: Ի դեպ, դա մեկնարկային տուրի միակ ոչ-ոքի արդյունքն էր: Լիլիթ Մկրտչյանը այսօր սպիտակներով կհանդիպի բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:
Հաղթանակով սկսեցին մրցաշարը նաեւ Նանա Ձագնիձեն, Մարթա Ֆիեռոն, Սյու Յուհուան եւ Բատույագ Մունգունթուլը: