Ոչ-ոքիների սինդրոմ
Եվրոպայի շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովը կարծում է, որ շախմատում գնալով ավելանում են այսպես կոչված գրոսմայտերական ոչ-ոքիների քանակը, ինչն անմիջականորեն անդրադառնում է մարզաձեւի դիտարժանության վրա:
Նա օրինակ է բերել այս տարվա Վեյք ան Զեեի միջազգային մրցաշարի արդյունքները, որտեղ պարտիաների մեծ մասը խաղաղ ավարտ են ունեցել: Մասնավորապես, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը իրենց անցկացրած 13 մրցախաղերից 9-ը ավարտել են ոչ-ոքի: Իսկ ահա Լեւոն Արոնյանը սահմանել է մրցաշարի հակառեկորդ, խաղաղ դաշն կնքելով ... 10 պարտիայում:
Սիլվիո Դանաիլովը առաջարկում է ավելի խստացնել շախմատի կանոնները, շախմատիստներին ստիպել պայքարել մինչեւ վերջին խաղաքարերը կորցնելը, ոչ-ոքի կնքելու իրավունքը հանձնել գլխավոր մրցավարին: Նա նաեւ կարծում է, որ շախմատում հարկավոր է միավորները հաշվել այնպես, ինչպես դա արվում է ֆուտբոլում, այսինքը, հաղթանակի համար շնորհել 3, իսկ ոչ-ոքի համար` 1 միավոր:
«Շախմատում կամ պետք է փոխել կանոնները, կամ այն կվերանա» - կատեգորիկ հայտարարել է Եվրոպայի շախմատային միության նախագահը:
Հավելենք, որ աշխարհում ամենաուշագրավ գրոսմայստերական ոչ-ոքին արձանագրվել է 1988 թվականին, Սոչիում: Հարավսլավացի շախմատիստ Միլան Դրաշկոն անգլիացի Ուիլյամ Ուոտսոնին ոչ-ոքի էր առաջարկել` կատարելով ընդամենը մեկ քայլ: Վերջինս անմիջապես համաձայնել էր: