Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Նոյեմբերի 30-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Նախարար Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Անդրադառնալով սեպտեմբեր 13-14 Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը:

Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման և ոչ կառուցողական մոտեցումների անընդունելիությունը։ Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության գործունեության դերը կայունության ապահովման համատեքստում։