Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկաթգիծ
A A
Քաղաքականություն

Պուտինի հետ խոսելուց հետո․ Փաշինյանը՝ Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին

Առաջիկայում երկաթուղիների վերականգման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ. այս մասին կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, բայց կարող եմ ասել, որ եթե այն, ինչ մենք երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենն իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»,- կառավարության այսօրվա նիստում նշել է  վարչապետը։

Նա նշել է, որ խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է. «Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք։ Դա մի ծրագիր է, համոզված եմ, որ բոլոր գործընկերները մեծ հետաքրքրություն կդրսևորեն։ Խոսքը հետևյալի մասին է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է։ Կրկին ասում եմ՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով, հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այդ ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի։ Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»: