Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության.Պապիկյանը ներկայացրեց փոփոխությունները (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն:

Ծրագրի ժամկետը նախատեսվում է 5 տարի:   Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կտնօրինի իր հայեցողությամբ: Այս ծրագրի ներդրումից հետո կդադարեցվի Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը:

«Շատ կարեւոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որեւէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, եւ մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,-  ընդգծել է նախարարը: