Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից․ ԱՀ ԱԺ արտահերթ նիստ (տեսանյութ)

«Մենք պետք է տեր կանգնենք 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Հանրապետության հռչակման օրվան, 1991թ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին և 1992 թ հունվարի 6-ի անկախության հռչակագրին։ Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի գոյությանը, հարվածի տակ դնել արցախյան հիմնախնդրի  կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը» այս մասին ասեց Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, այսօր տեղի ունեցած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ։

 Պատգամավոր Արեգ Ավագյանը նշեց․ «Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հարկ է համարում արձանագրել, որ Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հիմքում, ցանկացած փորձ Արցախը բռնակցելու Ադրբեջանին կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակության փաստաթղթերը Արցախի համար անընդունելի են»։

Որպես հարցի հիմնական զեկուցող պատգամավորը նշեց․ «Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է․ ՀՀ ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից, կամ ընդունելու համարելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի»։

 Ըստ նրա ՀՀ իշխանությունները պետք է վերապահումներով մոտենան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը, հաշվի առնելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության չկարագավորված լինելու հանգամանքը։

 Պատգամավորը Արցախի ԱԺ-ի կողմից  դիմեց Ռուսաստանին պաշտպանելու համար Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները․ «Առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։ Մեր պայքարը շարունակակական է, դիրքորոշումը անփոփոխ, և արտահայտում է աշխարհասփյուռ հայության հավաքական կամքը»։

 Պատգամավոր Արթուր Մոսիյանը ասաց․ «Արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել ազատ անկախ ապրելու իր իրավունքին և ինչպես շուրջ  3 տասնամյակ առաջ արցախյան ազատագրական շարժման օրերին էր, անշուշտ փոխվել են ժամանակները և փոխվել են իրողությունները, փոխվում է աշխարհակարգը, անփոփոխ է մնացել միայն արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու մեր պատմությանը, իրավունքներին»։

 Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դիմելով Արցախի Վերածննդի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին նշեց․ «Բանակցողներից և որոշում կայացնողներից պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որը կստորադասի Արցախի ինքնորոշման իրավունքը և փորձ կարվի Արցախը բռնակցել Ադրբեջանին և բանակցել, ապա միայն մի հիմքով՝ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական»։

 Նիստից հետո պատգամավորները միացան Վերածննդի հրապարակում անցկացվող բազմահազարանոց հանրահավաքին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։