Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մատերին: Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր: Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել են բարեկամական խմբերի գործունեությունը եւ փոխայցերի ընթացքում բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին: «Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա: Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի: Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստան այցելությունից հետո, պատգամավորները կբազմապատկեն ջանքերն իրականությունն անաչառ ներկայացնելու, Հայաստանին եւ հայ ժողովրդին, հայոց անկախ պետականությանը նեցուկ կանգնելու ուղղությամբ, միաժամանակ, չմոռանալով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ: