«Բարսելոնայի» վերջին շանսը. չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանան 4-րդ տուրի մնացած ութ հանդիպումները: Սպորտային առումով դրանք բավական մեծ նշանակություն ունեն բոլոր թիմերի համար:
«Նապոլի» - «Այաքս». Իտալական ակումբը 9 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ նիդեռլանդականն արդեն ետ է մնում 6 միավորով: Հյուրերն այլևս նահանջելու տեղ չունեն, բացի այդ նրանք փորձելու են ռևանշի հասնել Ամստերդամում «Նապոլիից» 1:6 հաշվով կրած խայտառակ պարտության դիմաց:
«Աթլետիկո» - «Բրյուգե». Բելգիական ակումբն երեք հաղթանակ է տարել և այժմ 6 միավորով գերազանցում է ոչ միայն «Աթլետիկոյին», այլև «Պորտուին» ու «Բայերին»: Իսպանացիները նախկինում սեփական հարկում երեք անգամ հաղթել են «Բրյուգեին»: Չորրորդի համար հարկավոր է գրավել բելգիացիների դարպասը, որը դեռևս անառիկ է մնացել երեք խաղերում:
«Ռեյնջերս» - «Լիվերպուլ». Շոտլանդական ակումբին անպայման հաղթանակ է պետք փլեյ-օֆֆ մտնելու շանսը պահպանելու համար: Հակառակ դեպքում տանտերերը ժամանակից շուտ դուրս կմնան լիգայից: «Լիվերպուլը» կփորձի պահպանել և «Ռեյնջերսի», և «Այաքսի» նկատմամբ ունեցած միավորների տարբերությունը:
«Բայեր» - «Պորտու». Գերմանական ակումբը սեփական դաշտում 0:2 հաշվով զիջելով պորտուգալականին, վերջինիս թույլ տվեց հավասարվել իրեն: Այժմ հարկավոր է գոնե պահպանել այդ «ստատուս քվոն», հակառակ դեպքում հարկ կլինի հաղթել մնացած երկու խաղերում, և միաժամանակ հույս դնել նույն պորտուգալացիների սայթաքման վրա:
«Բարսելոնա» - «Ինտեր». Իսպանական ակումբը պետք է անպայման հաղթանակ տանի, որպեսզի միլանյան ակումբի հետ պայքարի 2-րդ տեղի համար (առաջին տեղը 9 միավորով վստահ զբաղեցնում է «Բավարիան»): Ոչ-ոքու դեպքում «Ինտերը» կպահպանի 3 միավորի տարբերությունը, և Պլզենի «Վիկտորիային» հաղթելու դեպքում ինքնաբերաբար կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում:
«Վիկտորիա» - «Բավարիա». Գերմանական ակումբն ոչ միայն տարել է 3 հաղթանակ, այլև գոլ բաց չի թողել: Չեխական թիմը, հակառակը, կրել է 3 պարտություն և բաց է թողել 12 գնդակ: Տանտերերը միայն հաղթելու դեպքում կարող են պահպանել 2-րդ տեղը զբաղեցնելու տեսական շանսերը:
«Տոտենհեմ» - «Այնտրախթ». Երրորդ տուրում թիմերը գոլազուրկ ոչ-ոքի են արել իրար հետ և այժմ 4-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Առաջ շարժվելու համար հարկավոր է հաղթանակ տանել: Գերմանական ակումբը շատ հազվադեպ է պարտվում անգլիական թիմերին, վերջին 9 խաղերում` մեկ անգամ:
«Սպորտինգ» - «Մարսել». Պորտուգալացիները չնայած 6 միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը, սակայն անգամ հաղթանակի դեպքում չեն ապահովի իրենց տեղը փլեյ-օֆֆում, քանի որ մյուս խաղերում հանդիպելու են իրենց հետապնդող «Տոտենհեմի» և «Այնտրախթի» հետ: Ֆրանսիական ակումբը 3 միավորով եզրափակում է աղյուսակը, ուստի այլևս նահանջելու տեղ չունի: