Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական սառցե քանդակները` Կանադայում (տեսանյութ)

Մշակույթ
39d445b3a510844fe78845bebb7e7eea

Այս տարվա սկզբին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Համաշխարհային սառցե քանդակների փառատոնին, որը տեղի ունեցավ Կանադայի Էդմոնտոն և Լեյք Լյուիս քաղաքներում: Հայաստանից մասնակցության հայտ էր ներկայացրել քանդակագործ Հայկ Թոքմաջյանն իր կանադաբնակ եղբոր հետ: Նրանք ընտրվեցին տարբեր երկրները ներկայացնող 9 մասնակիցների թվում:

Հայկ Թոքմաջյանը, իր խոսքերով, միշտ երազել է իր ստեղծագործությունների մեջ կարուսել պատկերել` այդ կերպ` թեկուզ հասուն տարիքում տեղափոխվելով մանկության օրեր:

«Չէի սպասում, որ այդ գործը կստացվեր սառույցի համար: Դա մի այլ մոտեցում է, այլ աշխարհ, այլ ստեղծագործական ուղի: Երբեք նույնը չի կարելի ասել քարի համար: Դրանք տարբեր են և իրենց էությամբ, և մտածողությամբ, և ֆորմայով»,-«Ա1+»-ին ասաց նա:

Արվեստագետի համար այդ տարբերությունը շատ հետաքրքիր ու դժվար էր, քանի որ առաջին անգամ էր սառույցի վրա աշխատում: Հեղինակի կարծիքով պետք է շատ ուշադիր լինես այդ փայլուն աշխարհի նկատմամբ, որը միշտ գերել է արվեստագետին:

Տարվելով այդ սառցե աշխարհով` Թոքմաջյան եղբայրները 3 օր անընդմեջ աշխատել են 30 աստիճան ցրտի պայմաններում:

«Ուզում էիր շորերդ հանել, չէր ստացվում, ցուրտ էր, ուզում էիր հագնել, խանգարում էր, ոչ մի տարբերակ չկար, պետք է արվեր: Բայց արդյունքն աննկարագրելի էր, պետք էր ուղղակի այնտեղ լինել»,-պատմում է քանդակագործը:

Իսկ Լեյք Լուիսում մասնակիցներին առաջադրանք տրված էր «Խելահեղ աշխարհ» թեմայով: Քանդակագործի համար անհասկանալի էր այն, որ մասնակիցներից շատերի մոտ խելահեղությունն արտահայտվեց վիշապի ու դևի տեսքով: Իսկ իրենց գործը հեղինակը Ծովինար է կոչել:

Առաջին անգամ մասնակցելով սառցե քանդակների փառատոնին` Թոքմաջյան եղբայրները զբաղել են երրորդ խրախուսական տեղը: Ինչպես արվեստագետն է ասում, սառույցի հետ աշխատելուց հետո կարծես փոխվել է իր կոմպոզիցիոն մտածողությունը:

«Սառույցի այդ փայլուն, թափանցիկ նյութը ինչ-որ ձևով ազդեցություն է ունենում իմ գործերի մեջ, թե ինչ ազդեցություն, ժամանակը ցույց կտա»,- ավելացրեց Հայկ Թոքմաջյանը: