«Ռոմեո և Ջուլիետը»` Երեւանում (տեսանյութ)
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով` պետք են նոր պահանջներին համապատասխան ներկայացումներ և միայն «Գայանե» բալետով չէ, որ պետք է ներկայանանք քաղաքակիրթ աշխարհին:
25 տարի դրսում աշխատելուց հետո, տեսնելով թե ինչ բարձրունքներ է նվաճել բալետն աշխարհում, Ռուդոլֆ Խառատյանը մտահոգված է մեր բալետի ապագայի համար, որը, նրա արժևորմամբ «Քարե դարում է» գտնվում:
«Վեց ամսվա մեջ չորրորդ ներկայացումն ենք տալիս, մինչդեռ ով ասես այսօր օպերայում իր ծնունդն է կատարում կամ քաղաքական միջոցառում կազմակերպում:
«Գրանդ օպերայում» կամ թե նախկին «Կիրովի» թատրոնում մի՞թե նման բան հնարավոր է տեսնել: Օպերան պետք է սրբությունների սրբությունը լինի ու միմիայն բարձր արվեստ ներկայացվի: Փոխվել են մեր արժեքները:
Փողոցն այսօր ավելի արժեքավոր է, քան հոգևորը, դրա համար, անցած քսան տարիների ընթացքում կորցրինք մեր հանդիսատեսին ու այժմ մեծ ջանքերով փորձում ենք ետ բերել»,-ասաց նա:
Երևանյան հանդիսատեսին սպասվում է պրեմիերա` Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը», որի բեմադրական աշխատանքներն ավատված են, բայց դեռ պատրաստ չեն զգեստներն ու դեկորները:
Պրոբլեմները թատրոնում շատ են, բայց կարևորը ֆինանսավորման խնդիրն է: Դրա լուծման դեպքում` Խառատյանը պատրաստ է տարվա մեջ 5-6 նոր ներկայացում բեմադրել և նրա համոզմամբ միայն այսպես հնարավոր կլինի դուրս բերել մեր բալետը ճգնաժամից, սակայն դեռ անցյալ տարի ներկայացված նոր բեմադրությունների նախագծերը չեն իրագործվել: