Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։ Խոսնակի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժն այս շաբաթ հարձակվեց Հայաստանի վրա՝ հրետակոծելով Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով տեղակայված քաղաքացիական բնակավայրեր՝ բացահայտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները:
«Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ազդանշան է հղում ողջ տարածաշրջանին ամերիկյան արժեքների իրական նշանակության մասին»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ «Խոսնակ Փելոսիի ներկայությունը Հայաստանում՝ ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի, ով այցելել է Հայաստան անկախությունից ի վեր, խորհրդանշական ուժ և ժողովրդավարության պահպանման ծայրահեղ կարևոր նշանակություն է հաղորդում»:
Խոսնակ Փելոսիին ուղեկցում են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):
Խոսնակ Փելոսին հայտարարեց. «Մեր Կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշ է Միացյալ Նահանգների հաստատուն հանձնառության՝ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի և կայուն ու ապահով կովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության անդամների և անվտանգության կառույցների անդամների հետ աշխատանքային հանդիպումներում մենք կհաղորդենք Միացյալ Նահանգների ամուր և շարունակական աջակցությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկիր և Հայաստանի երկարամյա բարեկամ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար»։
Համագումարը գնահատում է խոսնակ Փելոսիի ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության անկախությանը հաջորդող տասնամյակներում։ Խոսնակ Փելոսին հայ ժողովրդին աջակցելու հարուստ պատմություն ունի: Մարդու իրավունքների ջատագով խոսնակ Փելոսին վճռականորեն աջակցեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատմանը և ելույթ ունեցավ Ներկայացուցիչների պալատի դահլիճում՝ ի աջակցություն H.Res. 296 Բանաձևի, որը ճնշող մեծամասնությամբ ընդունվեց Ներկայացուցիչների պալատում 2019թ.-ին և հաստատեց Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի անցած ուղին։