Զագրեբյան մղձավանջ, «կարմիր ցուլերի» սանձահարում. Չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած գիշեր 8 խաղով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2022-23թթ խաղարկության խմբային փուլը:
Արդեն մեկնարկային խաղում գրանցվեց խոշոր անակնկալ: Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոն» իր հարկի տակ 1:0 նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին», որին տասնապատիկ զիջում է իր բյուջեով: Խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Օրսիչը:
Մեծ անակնկալ մատուցեց նաև Դոնեցկի «Շախտյորը», որը հյուրընկալվելիս պարզապես ջախջախեց գերմանական Լայպցիգի «Ռեդ Բուլին»` 4:1: «Կարմիր ցուլերին» սանձեցին Մարյան Շվեդն ու Միխայիլ Մուդրիկը: Առաջինը խփեց առաջին երկու գոլերը, իսկ երկրորդը եռապատկեց հաշիվը և կատարեց 2 գոլային փոխանցում: Խաղի վերջում աչքի ընկավ փոխարինման մտած Տրաորեն:
Անակնկալների շարքին կարելի է դասել նաև «Զալցբուրգ» - «Միլան» խաղը: Ավստրիայի չեմպիոնը, որն անցած ամռանը 100 մլն եվրոյով վաճառել է իր առաջատար ֆուտբոլիստներին և թուլացել, սեփական հարկի տակ կարողացավ ոչ-ոքի խաղալ Իտալիայի չեմպիոնի հետ` 1:1: «Միլանը», հավանաբար, մեծ ուժեր էր ծախսել «Ինտերի» հետ հաղթական դերբիում (3:2):
Իսկ ահա խաղարկության ֆավորիտները հաղթանակներ տարան: Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 4:0 հաշվով ջախջախեց իսպանական «Սևիլյային»: Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գոլ խփեց շոտլանդական «Սելթիկին»: Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց իտալական «Յուվենթուսին»` 2:1:
Մեկնակային խաղում խնդիրներ չունեցան Դորտմունդի «Բորուսիան» ու Լիսաբոնի «Բենֆիկան», որոնք սեփական դաշտում հաղթեցին համապատասխանաբար Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին» (3:0) և իսրայելական «Մաքաբիին» (2:0):
Այսօր կկայանան առաջին տուրի մնացած 8 հանդիպումները: Բավական հետաքրքիր պայքար է սպասվում «Ինտեր» - «Բավարիա» և «Լիվերպուլ» - «Նապոլի» խաղերում