Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսելով միմյանց հետ» (տեսանյութ)

Մշակույթ
2c7fdf71f58bb33d158375d96c0044bf

Մինչեւ փետրվարի 3-ը Երևանի Նկարիչների Միությունում կգործի «Խոսելով միմյանց հետ`անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու հաշտեցմանը նպաստող ծրագրի շրջանակներում:

Ներկայացված են ցեղասպանության հետ կապված բացառապես 2009-ից Հայաստանում և Թուրքիայում հավաքագրված, ձայնագրված ու տեսագրված բանավոր պատմություններ:

Նախագիծը իրականացվել է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչներն են Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտը, «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը, Թուրքիայի «Անատոլիայի մշակույթ» կազմակերպությունը


Ի դեպ, համընթաց նմանատիպ ցուցահանդեսներ են կազմակերպվել Թուրքիայում՝ Ստամբուլում, Դիարբեքիրում եւ Անթաքիայում: Իսկ մինչ երևանյան ցուցադրությունը այն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում և Իջևանում:

Ծրագրի գիտական խորհրդատու Հրանուշ Խառատյանի կարծիքով միանշանակ բարդ խնդիր էր գտնել համաձայնության այն փիլիսոփայությունը, որը կբերի երկխոսության, այլ ոչ թե սկանդալի և միևնույն ժամանակ օբյեկտիվ կլինի:

«Մենք չենք գտնում, որ դահիճի թոռը պատասխանատու է իր պապի համար, բայց նա պետք է իմանա իրականությունն ու ցավ ապրի, այլապես հաշտության այս խոսակցությունն անիմաստ է»,-ասաց նա:

«Հայ դերասանների միության» նախագահ Արթուր Ղուկասյանի համոզմամբ չի կարող լինի առաջընթաց, եթե չկա երկխոսություն:

Նախագծի թուրքական կողմի համակարգող Օնդեր Օզենգը հուսով է,որ չնայած ծրագրի հիմնախնդիրը հիշողությունների միջոցով որոշակի զգացմունքային դաշտի ստեղծումն է, այն կարող է իր ազդեցությունն ունենալ նաև քաղաքականության վրա:

Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտի ներկայացուցիչ Մաթիաս Քլինգենբերգը առաջին անգամ Հայկական ցեղասպանության մասին լսել է մոտ տասը տարի առաջ, երբ սկսել է աշխատել այս տարածաշրջանում:

«Ես իրավասու չեմ խոսել Գերմանիայի պետության կամ ժողովրդի անունից, Ես կարող եմ խոսել միմիայն որպես քաղաքացի, որպես Մաթիաս Քլինգենբերգ: 1915-ի արհավիրքին անխոս մենք էլ դերակատարություն ունեցանք: Եվ ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ ու փորձել որևէ բան անել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Գերմանիան կարողացավ ընդունել և ներողություն հայցել հրեաներից և այս փորձը պետք է կիրառվի»,-ասաց նա: