Մեկ բրոնզ Թբիլիսիից
Ձյուդոի Հայաստանի հավաքականը անհաջող հանդես եկավ աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում, որը կայացավ հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը, հաղթելով սփոփիչ մրցաշարում, արժանացավ բրոնզե պարգեւի: Նույն քաշում Գոռ Հարությունյանը զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ Գրիգոր Իվանյանը պայքարից դուրս մնաց երկրորդ փուլում:
66 կգ քաշայինների մրցումներում Արմեն Նազարյանը 3-րդ տեղի համար վճռորոշ մարտում պարտվեց իր մրցակցին եւ գրավեց 5-րդ տեղը: Իսկ ահա Համբարձում Տոնոյանը, Փայլակ Վարդազարյանը եւ Արթուր Երանոսյանը չկարողացան հաղթահարել առաջին արգելքները:
Հատկապես անհաջող հանդես եկան մեր 73 կգ քաշային ձյուդոիստները` Ռոբերտ Վարդանյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Անդրանիկ Չափարյանը, որոնք պարտվեցին արդեն առաջին փուլում եւ ավարտեցին ելույթները:
81կգ եւ 90 կգ քաշային կարգերում մենք մարզիկներ չէինք հայտավորել, իսկ 100 կգ քաշում մեր միակ մասնակից Հակոբ Առաքելյանին հաջողվեց հաղթահարել միայն առաջին փուլը:
Այդպիսով` մեր 11 մարզիկներից միայն մեկը մեդալ նվաճեց: