Բացել լրահոսը Փակել լրահոսը
f62e42dbea852a_62e42dbea856e.thumb_
A A
Քաղաքականություն

Կա պայմանավորվածություն․ դրա մասին է վկայում էսկալացիայի ժամանակ Փաշինյանի արձակուրդը․ Հայկ Խալաթյան

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խմբագիր Հայկ Խալաթյանը ժամեր առաջ հեռավար մասնակցում էր ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևի մամուլի ասուլիսին։ Խալաթյանը ուղիղ հարց ուղղեց պաշտոնյանին՝ հետաքրքրվելով,  թե Հայաստանի, Ռուսաստանի և  Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ի համաձայնագրից դուրս արդյոք կա՞ն այլ փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չհամբերելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում նշված ժամկետի ավարտին, շահագործման հանձնեց այլընտրանքային ճանապարհի իր կառուցած հատվածը՝ պահանջելով հայկական կողմից այլևս չօգտվել «Լաչինի միջանցքից»։ Խալաթյանի հարցից, սակայն, Նեչաևը փորձեց խուսանավել։ Վերջինս պարզապես ասաց, որ նախաձեռնությունների մասով թեմային արդեն անդրադարձել է։

Նշենք, որ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 6-րդ կետի  համաձայն երեք տարիների ընթացքում կողմերի միջև պետք է համաձայնեցվի  Բերձորի միջանցքին այլընտրանք նոր երթուղու կառուցման նախագիծը։

 «Ա1+»-ը Հայկ Խալաթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է հասկացել Նեչաևի պատասխանից և արդյոք Հայաստանի կողմից կա այլ ստորագրված փաստաթուղթ։

«Որոշակի գործընթաց է գնում, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները, որի մասին հայ հասարակությունը տեղեկացված չի։ Ուզում եմ հիշեցնել, որ հունիսին տեղի ունեցած  ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքը հանձնելու մասին և մենք տեսանք, որ գործընթացն արդեն մեկնարկել է։ Իր սովորության համաձայն՝ Հայաստանի իշխանությունները փորձում է ուրիշի վրա մեղքը բարդել։ Այս անգամ ընտրել են Ռուսաստանին և նրա խաղաղապահներին, իբրև թե նրանք են մեղավոր Լաչինի միջանցքի հանձնման համար։  Կրկնեմ՝ ՀՀ իշխանությունները մասնակից են այս գործընթացին։ Դրա մասին է վկայում այն, որ վերջին էսկալացիայի ժամանակ Փաշինյանը շարունակում էր իր հանգիստը։ Նույնիսկ ՀՀ անվտանգության խորհրդի նիստ չի անցկացվել։ Հայաստանում գտնում էին, թե որևէ անհանգստանալու կարիք չկա։ Որևէ անկանխատեսելի գործընթաց իրենց համար չէր կարող լինել։ Անգամ չեմ բացառում, որ այս պրոցեսների արդյունքում Ադրբեջանը ստանա, իր կողմից այդքան երազած «Զանգեզուրի միջանցքը»։ Այն կարող է անգամ չկոչվել միջանցք, կողմերը կարող են այլ անուն տալ։ Այսպես հեշտացված ընթացակարգով, բեռնափոխադրումներով և այլն, բայց շատ է մոտ լինելու միջանցքի տրամաբանությանը։ Ինձ թվում է՝ այս ամենն ընթանում է լայն համաձայնության շրջանակում»,-ընգծեց Հայկ Խալաթյանը։