Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Հայաստանում կկառուցվի ժամանակակից անասնապահական համալիր. ստորագրվեց հուշագիր (տեսանյութ)

Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու պատրաստակամությունը հայտարարությունից վերածվելու է գործի։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Երեմյան Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի, Տաշիրում կառուցվելու է 29 հեկտար մակերեսով խոշոր անասնապահական համալիր` 31մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը կֆինանսավորի Եվրասիական զարգացման բանկը։ Կարեւորագույն այս նախաձեռնությանը միացել է նաեւ Հայաստանի կառավարությունը՝ մասնակի սուբսիդավորմամբ։

«Այն տեխնոլոգիաները և այն ստանդարտները, որ կբերի «Երեմյան ֆարմը» այս նախագծով, կլինեն նաև նոր չափանիշներ այլ ընկերությունների համար և կխթանեն նաև այլ ընկերությունների խոշորացումը և մոդեռնիզացումը»․ նշում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» անասնապահական այս համալիրը լինելու է Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին․

«Այնտեղ լինելու է խոզաբուծարան, լինելու է տավարաբուծարան և սպանդանոց։ Տավարաբուծարանը նախատեսված է լինելու 1200 գլուխ կաթնատու անասունների համար, դա նշանակում է, որ 2400 գլխի համար է նախատեսված։ Մենք ակնկալում ենք օրական ստանալ 30 տոննայից ավել կաթ»․ ասաց Դավիթ Երեմյանը։

Խոզաբուծական ֆերմայում կենդանիները պահվելու են սանիտարական բոլոր պահանջներին համապատասխան։ Ֆերմայում պահվելու և բուծվելու են Եվրոպայից ներկրված կանադական մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ: Այն ունենալու է նաև կերի պատրաստման հատված և պահպանման մեծ բունկերներ։ Կերակրման գործընթացը կլինի ավտոմատացված։

Ըստ Վահան Քերոբյանի՝ ծրագիրը շատ մեծ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսությանության արտադրողականության բարձրացման, որակի բարձրացման իմաստով, ինչպես նաև նոր նշաձող է սահմանելու գյուղատնտեսության և գյուղատնտեսական ստանդարտների մեջ։

ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, խոսելով ծրագրի մասին, նշեց․«Երեմյան փրոջեքթսը» դա մեծ պրոֆեսիոնալիզմ է, նրանք օգտագործում են նոր տեխնոլոգիաներ, դա պատասխան է մեր առաջադրանքին՝ Հայաստանում ուժեղացնել պարենային անվտանգությունը։ Այստեղ մեզ համար ամեն ինչ համահունչ է, մենք հաճույքով ֆինանսավորում ենք»։

Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման գործում «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 15 տարվա ներդրում ունի։

2019 թվականին ընկերությունը Վայոց Ձորում ստեղծել է միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված տոհմային կովեր: Բարձրորակ կաթի երաշխիքներից մեկը կենդանիների ճիշտ կերակրումն է։ Ուստի կաթնամթերքի բարձր որակի մասին մտածում են սերմը ցանելու պահից սկսած՝ առաջնորդվելով «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։

«Երեմյան ֆարմի» ներդրումային այս ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է կաթի արտադրության ավելացում՝ մինչև 11000 տոննա, այսինքն՝ տարեկան լրացուցիչ 1,6%։ Ծրագրի մյուս կարեւոր բաղադրիչն այն է, որ կստեղծվի 300 նոր աշխատատեղ։