Կանայք կորոշեն չեմպիոնին
Այսօր եզրագիծը կհատի շախմատի Հայաստանի կանանց 66-րդ առաջնությունը:
Վերջին` 9-րդ տուրից առաջ, մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը: Նա այսօր սպիտակներով կհանդիպի Լիա Մարտիրոսյանի հետ, ով իր ակտիվում ունի 4 միավոր եւ պայքարում է մրցանակային 2-3-րդ տեղերի համար:
Գործող չեմպիոնուհի Անահիտ Խառատյանը, որը մեկ միավորով է ետ մնում առաջատարից, սեւերով կմրցի Մարիա Գեւորգյանի հետ, ով այլեւս չի հավակնում մրցանակային տեղերի:
Իսկ ահա երեկ շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնությունը, որը հետաձգվել էր մասնակիցներից մեկի` Զավեն Անդրեասյանի հիվանդության պատճառով:
Առաջին տուրում անցած տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: Խաղաղ ավարտ ունեցան նաեւ Զավեն Անդրիասյան - Արա Մինասյան եւ Սամվել Տեր-Սահակյան - Աշոտ Անաստասյան պարտիաները:
Մրցաշարի ամենափորձառու գրոսմայստեր Արտաշես Մինասյանը պարտվեց Արման Փաշիկյանին: Հաղթանակով սկսեցին առաջնությունը նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի եւ Դավիթ Պետրոսյանի նկատմամբ:
Այսօր տեղի կունենա 2-րդ տուրի պարտիաները: