Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շուրջ 35 պետական պաշտոնյայի դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել (տեսանյութ)

Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից թվային տեխնոլոգիանրի կիրառմամբ այն թույլ կտա այնպիսի համակարգի կառուցում, որը հնարավորություն կտա իսկապես հայտնաբերել ռիսկը, ոչ թե արդեն տեղի ունեցած կոռուպցիան, և դա չեզոքացնել հենց այն աղբյուրի կամ սկզբնաղբյուրի մոտ, որտեղից հետագա չարիքը խափանված կլինի։

Նման միտք այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ խոսելով Հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման մասին։

ԿԿՀ նախագահը վերը նշվածը մատչելի տարբերակով այսպես է բացատրում՝ ՀՀ բանակչության թիվը մեծ չէ, կապերի և հարաբերությունների տեսանկյունից մարդիկ իրար գիտեն։

«Այն համակարգը, ինչ շահագործվում է հանձնաժողովի կողմից առավել քիչ տեխնիկական հնարավորություններով, ներառում է պետական պաշտոն զբաղեցնող առնվազն 9000 անձի վերաբերյալ տեղեկատվություն, և ընտանիքի անդամների մասնակցությամբ կազմում է 35000 անձի մասին տվյալ՝ շարժական և անշարժ գույք, փաստացի տիրապետվող գույք, կատարած ծախսերը որպես պաշտոնյա, ցանկացած առնչություն որևէ մասնավոր ընկերության, որտեղ պաշտոնյան կամ նրա ընտանիքի անդամը մասնակություն ունեն պետական գնման տեսանկյունից»,- ասում է Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ այս տվյալներն առանց նոր համակարգի ներդրման արդեն հասանելի են, բայց դրանց ներկայացվածությունը, դրա ձևաչափը և դրա օգտագործելիությունը չափազանց ցածր է։ Այն, ինչ ներդրվում է Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ հնարավորություն է տալու այդ տվյալների առավելագույնս օգտագործմանը։

«Սրա հիմքը դրված է արհեստական բանականության և որոշումների կայացման ալգորիթմների վրա։ Հիմնական նպատակն է, որ համակարգը առանց մարդկային գործոնի ազդեցությունից զերծ լինի»,- ասում է ԿԿՀ նախագահը և ակնկալում, որ առնվազն 2022 թվականին տվյալների հավաքագրման հատվածը հանձնվի շահագործման։

Ի՞նչ խախտումներ է արձանագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս ընթացքում «Ա1+»-ի հարցին ԿԿՀ նախագահն այսպես պատասխանեց․ «Այս գործընթացը, որ սկսվել էր դատավորների առնչությամբ էր և առնվազն 20 և ավելի վարույթ հանձնաժողովը այս ընթացքում հարուցել էր։ Հիմնական խախտումները վարչական տեսանկյունից քրեական հանցակազմ չպարունակող մանր խախտումներ են»,-պարզաբանում է Հայկուհի Հարությունյանը և նշում, որ ունենք գործադիր մարմնի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի ներկայացուցիչներ և դատական իշխանության և այդ թիվը գերազանցում է 35-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։