Մենք այն տուժածներից ենք, ում սեփականությունը խլվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես Բաղդասարյան Սեդրակն եմ, ով ներկայացնում է «Պետական կարիքների զոհեր ՀԿ»-ն։ Մենք այն տուժածներից ենք, ում սեփականությունը խլվել է»։
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի քննարկմանը ասաց Սեդրակ Բաղդասարյանը։
Վերջինս շեշտեց, որ իր ներկայացրած կազմակերպությունը բավականին աշխատանք է կատարել, բայց հայտնեց իր ափսոսանքը, որ փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին ՀԿ-ն ներառված չի եղել։
Նշենք, որ քննարկմանը «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ ներկայացրեց 1991-ից 2018 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները քննող հանձնաժողովի իրականացրած հետազոտության արդյունքները։ Այն վերաբերվում էր այդ թվականներին անձանց իրավունքների համատարած և պարբերական խախտումներին։ Մասնավորապես խնդիրների զգալի մասը կապված է գերակա հանրային շահի հիման վրա անձանց սեփականության հարկադիր օտարման արդյունքում իրավունքների խախտումներին։
«Պետական կարիքների զոհեր ՀԿ»-ի ներկայացուցիչ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ երբ Երվանդ Զախարյանն էր Երևանի քաղաքապետը, այդ տարիներին ձևական մրցույթներ էին հայտարարվում։
«Մենք մեր տանը ապրելով՝ արդեն մեր տները կառավարությունը ծախել էր»,-ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով, իր մոտ կան պայմանագրեր, ըստ որոնց՝ Ծրագրերի իրականացման գրասենյակը կնքել է պայմանագրեր, կառուցապատողից գումար է ստանցել, որպեսզի հետագայում դատարանում պաշտպանի կառուցապատողի շահերը։
«Մի կառույց, որը քաղաքապետարանի մեջ է, փոխանակ մեր շահերը պաշտպանի, նա եկամուտ է հետապնդել»,- ասաց նա հավելելով․ «Անգամ կառուցապատողները 550․000 դոլար կաշառք են տվել, որ ընտրվեն այդ ցուցակի մեջ»։
Քննարկմանը ներկա փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի դերակատարությունը՝ որպես զսպող օղակ, շատ կարևոր է։ Նրա գնահատմամբ, կարծես թե, այդ խնդիրը լուծվել է։
Վերջինս ընդգծեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ժամանակ բազմաթիվ օտարման դեպքեր են եղել, որոնց մասին հասարակությունը չի լսել։
«Գաղտնի դատական ակտեր, ռիելտորներին ստիպել, որպեսզի իրենք չտան տեղեկանքներ, թե որքան արժե գույքը», ասաց Արա Ղազարյանը։