Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում «չեզոքացնում են» ադրբեջանական «հարձակումը»՝ միջանցքի պահանջով (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակներն այսօր ենթարկվեցին ադրբեջանական  «հարձակման»։ Իրար հերթ չտալով ադրբեջանցի պատգամավորները սկսեցին մեղադրել Հայաստանին՝  տարածաշրջանում խաղաղության հաստատման խոչնդոտելու մեջ։

Հայ պատվիրակները ստիպված էին արձագանքել՝ շեշտելով, պետք է էմոցիոնալ  ելույթ ունենան, որքան էլ այս բանավեճը դուր չի  գալիս ԵԽԽՎ մյուս պատվիրակներին, որոնք  սովորաբար  լռում են՝ նույնիսկ երբ ադրբեջանական պահանջները լուրջ վտանգ են դարձել տարածաշրջանի անվտանգության համար։

Վլադիմիր Վարդանյանը ստիպված էր դիմել ադրբեջանցի պատվիրակին, թե եթե այդքան ժողովրդավարական է Ադրբեջանը, ինչու ազատ չեն արձակում հայ գերիներին։  Արդյո՞ք նա այցելել է բանտեր, ծանոթացել գերիների վիճակին, պահանջել է, որ ազատ արձակել։ 

Ադրբեջանցի բոլոր պատվիրակների ելույթներում հնչում էր միտքը, որը տրանսպորտային ապաշրջափակումն իրենց համար Հայաստանի կողմից միջազնցքի տրամադրումն է, որին դեմ  է  հայկական կողմը։ 

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն իր ելույթում ասել է.

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,

ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, եւ, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում, այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, եւ ես ստիպված եմ արձագանքել: Տիկի՛ն Արպադարայ, ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք եղել ենք, կանք եւ բաց կլինենք մեր տարածաշրջանում բոլոր տեսակի կապի եւ տրանսպորտի միջոցների բացման համար:

Բայց տիկնա՛յք եւ պարոնա՛յք, միջազգային իրավունքը պարզապես գլուխկոտրուկ չէ, որի միջից դուք կընտրեք ձեր հավանած կտորները եւ կասեք, որ այն միջազգային իրավունքն է: Միջազգային իրավունքը մեկ, եզակի երեւույթ է, դուք չեք կարող կիսել դրա ոչ մի մասը: Տիկին Արպադարայն ասում է. «Ո՛չ, մեզ բաց շփում հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք ունենալ, որովհետեւ պատմականորեն այն մեզ է պատկանում»:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ սա նշանակում է. «Մենք ներկայացնում ենք մեր պահանջները, եւ եթե դուք չեք բավարարում դրանք, ապա մենք կնվաճենք ձեզ»: Մինչդեռ մենք բոլորս լուռ ենք, ոչ-ոք չի ցանկանում արձագանքել. այս հայտարարությունն ագրեսիայի ուղղակի կոչ է, դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք աջակցում ենք բոլոր տրանսպորտային եւ հաղորդակցության օբյեկտների բացմանը, բայց առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության, քանի որ դա խաթարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը:

Ցավոք, պարոն Հուսեյնովը դահլիճում չէ: Մի քանի օր առաջ ես ասացի, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն խոսելու, այլեւ լսելու համար: Ես կարծում եմ, որ դուք պետք է այստեղ լինեք եւ լսեք: Երբ Շուշիում ստեղծված իրավիճակը համեմատում եք Ստրասբուրգի հետ, ապա բավարար է քայլեք Ստրասբուրգի փողոցներով եւ կտեսնեք, որ յուրաքանչյուր փողոց ունի երկու անուն՝ ցուցափեղկերի վրա ֆրանսերենով եւ գերմաներենով նշված, որովհետեւ այս երկիրը հարգում է այն մարդկանց, ովքեր ապրում են եւ ովքեր կարող են ապրել այստեղ: Երբ դուք մեղադրում եք մեզ «Շուշին տարիներ շարունակ օկուպացնելու եւ ոչնչացնելու մեջ», մենք Ձեզ ցույց ենք տալիս Շուշիի հնագույն եւ շատ կարեւոր մզկիթը վերանորոգված, իսկ դուք հակառակը եկեղեցիներն եք ավերում, Շուշիի հայերեն անվանումն եք փոխում:

Տիկի՛ն Արփադարայ, ձեր բանտերում 38-ից ավելի ռազմագերի ունենք, քանի՞ անգամ եք այցելել նրանց, քանի՞ անգամ եք ձեր ղեկավարությանը՝ այդ ընտանեկան պետությանը, ասել, որ նրանք պետք է ազատ արձակվեն ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաեւ Ժնեւի կոնվենցիայի դրույթներից ելնելով, եւ այն պատճառով, որ դրանք այս կազմակերպության արժեքներն են, եւ մենք կցանկանայինք լինել այս կազմակերպության հենքը:

Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք այս բանավեճից, բայց մենք ունենք մարդիկ՝ ողջ մարդիկ, որոնք ամեն օր ադրբեջանական բանտերում գտնվում են կտտանքների սպառնալիքի ներքո, եւ ոչ-ոք դրան չի արձագանքում. երբեմն ինձ թվում է, թե ես խոսում եմ, բայց ինձ ոչ-ոք չի լսում:

Շնորհակալություն եւ կներեք, չափազանց զգացմունքային ելույթի համար»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:

Հայկ Մամիջանյանի ելույթը․

«Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է» (ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստում) «Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք, Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։

Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։ Մի քանի փաստ ևս։ Եվրախորհրդարանը ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում է գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես օրինակ սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման և որտեղ հստակ մատնաշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ ԵԽ անդամ երկրի համար: Տիկին, դուք անվանեցիք իմ հայրենիքի մի մասը Ադրբեջանի պատմական տարածք։ Ձեր գործընկերներից մեկը Մելի Մեջլիսում արդեն հող է նախապատրաստում «միջանցքի» հետ կապված Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա հրահրելու համար։ եվ պարոն Հուսեյնով, Մենք ռեվանշիստներ չենք, մենք հայրենասերներ ենք։ Ավելին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ։

Առկա են նաև մի քանի այլ փաստեր, որոնք վերաբերում են իմ երկրի ներքաղաքական կյանքին։ Օրինակ, ոստիկանությունը Երևանում ԵՄ դեսպանատան շեմին դաժանաբար ծեծում է հավաքի խաղաղ մասնակիցներին և կիրառում լուսաձայնային նռնակներ։ Եվ «շեմին» բառը ես օգտագործում եմ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։

Լրագրողներին և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով անցկացվող քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՄ տեղական պաշտոնյաներ։ Այո’, դուք ճիշտ լսեցիք. լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով միջոցառմանը։

Օրեր առաջ իմ երկրում օրեցօր կառավարության կողմից կուտակվող ատելության խոսքը հասավ ողբերգական նշաձողի. քաղաքական հայացքների պատճառով սպանվեց երեք անձ: Հրապարակվում է և լայն տարածում է ստանում ձայնագրություն, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի գործող և նախկին նախագահները քննարկում են, թե ինչպես են պատրաստվում «գործեր սարքել» ընդդիմադիր գործիչների վրա: Այս ամբողջ արհավիրքի պատճառը պոպուլիստներն են և բռնապետերը։ Եվ չսխալվեք, պոպուլիստները շատ արագ են վերածվում բռնապետերի։ Սա քաղաքական համավարակ է։

Եվ մենք պետք է ամբողջ ներուժով պայքարենք դրա դեմ, ճիշտ ինչպես COVID-19 համավարակի դեպքում։ Տիկնայք և պարոնայք, ինձ սովորեցրել են, որ արժեքները պետք է քարի պես ամուր լինեն։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան աչք է փակելու ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է: Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք: Շնորհակալություն։» ՀԳ Խնդիր կար արագ փոփոխելու ելույթս, որպեսզի արձագանքեի ադրբեջանական պատվիրակության զառանցանքներին՝ ուստի քաղաքական բանտարկյալների, այս շաբաթվա սպանությունների և մի շարք այլ հակաժողովրդավարական փաստերի մասին շատ կարճ խոսեցի: Այլ կերպ չէի կարող վարվել: