Բացել լրահոսը Փակել լրահոսը
georgia
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն Վրաստանին 12 պահանջ է ներկայացրել

Երեկ Վրաստանում «Դեպի տուն Եվրոպա» անունը կրող բազմահազարանոց հանրահավաք-ցույց տեղի ունեցավ, որի կազմակերպիչը «Ամոթ է» երիտասարդական շարժումն էր։

Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։

«Խնդիրն առաջացավ, երբ մի քանի օր առաջ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ  հունիսի 24-ին Ուկրաինային և Մոլդովային տրվելու է ԵՄ անդամակցության կարգավիճակ, իսկ Վրաստանին առաջարկում է Եվրամիության անդամ դառնալու հեռանկար»,-պարզաբանում է վրացագետը` նշելով, որ ըստ ԵՄ-ի` Վրաստանն այդ հեռանկարը կստանա այն ժամանակ,  երբ կլուծի որոշակի խնդիրներ։

ԵՄ-ն մոտ 12 պահանջ է ներկայացրել, որպեսզի Վրաստանը ԵՄ անդամի թեկնածու դառնալու հեռանկարի ակնկալիք ունենա։  

«Այդ պահանջներից է ապաօլիգարխիզացիան, դատաիրավական համակարգի բարեփոխումները, Մարդու իրավունքների պաշտպանությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, հակակոռուպցիոն գործակալության ուժեղացում»,- թվարկում է Հասմիկ Մելիքսեթյանը`  հավելելով, որ վրացիներին զայրացնում է, որ օլիգարխների պատճառով Վրաստանը հետ է մնում մյուս երկրներից։

Վրացագետի խոսքով՝ երեկվա հանրահավաքը միասնության ցույց էր և մարդիկ անկախ քաղաքական հայացքներից դուրս էին եկել փողոց Եվրաինտեգրացիայի համար պայքարելու։

Վրաստանում եվրամիության դեսպան Կարլ Հարցելն արձագանքել է երեկվա հանրահավաքին և նշել՝ «այն ինչ տեսանք երեկ մեծ և խաղաղ ցույց էր դեպի Վրաստանի Եվրոպական ընտրության»։

«Վրաստանի ԵՄ դեսպանը դրական է գնահատել հանրահավաքը։ Եվ այս առումով հետաքրքիր է Եվրոպական մի շարք քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք  կոչ են արել ԵՄ-ին՝ Վրաստանին հնարավորություն տալ Եվրոպական միությանն անդամակցության թույլտվություն ստանալ»,- նշեց վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը և նկատում, որ պետք է սպասել հունիսի 24-ի որոշմանը։

Թեև ԵՄ-ն Վրաստանի առաջ պայմաններ է քաշել, բայց իշխող «Վրացական երազանք»-ն էլ ցույց է տալիս, որ շատ կարևոր և պատմական քայլ է Վրաստանի համար, քանի որ Եվրոպայում նման մակարդակով հաստատել են, որ  նրանք ունեն հեռանկար ԵՄ անդամի թեկնածու դառնալու։

«Հենց Եվրամիությունը հաստատի այդ փաթեթը, սկսելու են ակտիվ աշխատել Բրյուսելի հետ։ Այս առումով Վրաստանում ներքաղաքական հարցերը շատ ակտիվ են»,- նկատում է փորձագետը՝ շեշտելով, որ հավանականությունը շատ քիչ է, որ առաջիկայում կթուլանա լարվածությունը։

Նշենք՝ հունիսի 24-ին Եվրամիության նիստից հետո Վրաստանում նախատեսվում է ևս մեկ հանրահավաք իրականացնել և փորձել ևս մեկ անգամ երկխոսել ԵՄ-ի հետ։