Բացել լրահոսը Փակել լրահոսը
gegham-ghazaryan
A A
Հասարակություն

Որ օրը իրան բաց թողեցին, ես իրան կգյուլլեմ․ զոհված զինվորի հայրը՝ դատավորին․ Aravot.am

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ներկայությամբ ընթանում էր զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, գրում է Aravot.am-ը։

Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին ու 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօրվա դատական նիստում ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը: Ըստ ներկայացված փաստաթղթերի, ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020-ի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացել, վերքը մշակվել է, ամսի 13-ին վերքը եղել է հանգիստ վիճակում: Հոկտեմբերի 17-ին, սակայն, Վահանյանը թուղթ է ներկայացրել, որ վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել։ Նիստի ժամանակ զինվորներից մեկի հայրը՝ Ալբերտ Գագիկի Ստեփանյանը, որը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել՝ հայտարարությամբ հանդես եկավ. «Իմ տղային 2020-ի սեպտեմբերի 25-ին ճողվածք են վիրահատել՝ գրիժա, պատերազմը սկսել է սեպտեմբերի 27-ին, ամսի 28-ին տարել են Ջաբրայիլ: Տղայիս փորի վիրահատությամբ տարել են պոստեր՝ վերքը թարախակալած, ո՞վ է հրաման տվել, որ երեխուն այդ վիճակով տանեն պոստեր»:

Նա այդ հարցադրումն արեց՝ ցույց տալու, թե ինչպե՞ս են գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանին թույլ տվել թեթեւ բեկորային վնասվածքի համար հիվանդանոց դիմել, իսկ իր որդուն վիրահատած ու այդ վիճակում տարել դիրքեր:

Դատավորն ասաց, որ ուրիշ ժամանակ հարցեր տալու հնարավորություն կլինի, բայց մի քիչ ուրիշ ձեւ՝ նկատի ունենալով՝ առանց վիրավորանքների: Գեղամ Ղազարյանը հակադարձեց. «Ես դրան ինչ հարց տամ, մի տարի տվեք ինձ վարչապետ, ինչքան դավաճան կա՝ սաղին գյուլլեմ: Մեկ է, հարգելի՛ դատավոր, սրիկայից սրիկա է ծնվում: Իր գեների մեջ արյունը երբեք չես կարող փոխես: Սրիկան մնում է սրիկա, ինչ ուզում ես արա, անհնար է: Ուր էլ ուզում է գնա, որ արդարացնի իրան, եսիմ ինչ՝ չկա ըտենց բան: Որ օրը իրան բաց թողեցին, ես ձեզ խոսք եմ տալիս՝ ես իրան կգյուլլեմ, ես պարզ ասում եմ»: