Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ հոգնած էի զգում»

Սպորտ
7bbadff122b8cc73b39fd56c3c8d38cb

Հայաստանի գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը անհաջող էին հանդես եկել Թուրքիայում կայացած շախմատի կանանց աշխարհի առաջնությունում` արդեն առաջին տուրից դուրս մնալով պայքարից:

«Անկեղծ ասաց, առաջնության ժամանակ ինձ հոգնած էի զգում, չնայած նախապատրաստական նորմալ փուլ էի անցել: Դա հավանաբար գալիս էր նրանից, որ տարվա վերջն էր եւ դրանից առաջ մասնակցել էի մեծ թվով մրցաշարերի» - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Էլինա Դանիելյանը:

Մեր ամենափորձառու շախմատիստուհին նաեւ կարծում է, որ ամբողջ 2010 թվականին իրեն այդպես էլ չհաջողվեց հավաքվել եւ կենտրոնանալ շախմատի վրա (հիշեցնենք, որ անցած տարվա վերջին մահացել էր նրա հայրը): «Այս տարվա միակ լուսավոր կետն այն էր, որ լրացրեցի տղամարդկանց գրոսմայստերի նորմը»:

Իսկ ահա մեր մյուս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը անբավարար գնահատեց մրցաշրջան- 2010-ի իր ելույթները. «Կարեւորագույն մրցաշարերում ես շատ անհաջող հանդես եկա: Ճիշտ է, որոշ երկրորդական մրցումներում լավ արդյունքներ ցույց տվեցի, բայց դա քիչ էր մրցաշրջանից գոհ լինելու համար: Պետք է վերլուծել եւ ճիշտ եզրակացություններ անել, որպեսզի գալիք տարի նույն սխալները չկրկնվեն»:

Նշենք, որ մեր երկու առաջատար շախմատիստուհիները չեն մասնակցի հունվարին մեկնարկելիք Հայաստանի 2011 թվականի առաջնությանը, քանի որ փետրվարին նրանք հանդես են գալու ՖԻԴԵ-ի գրան պրիի վերջին փուլին, որը տեղի կունենա Քաթարում: