Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբիշները ավարտեցին հավաքը

Սպորտ
3810c0d1727c31901ec6d62f9ce13cb5

Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները դեկտեմբերի 8-24-ը ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում, որին մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, այդ թվում ծանրքաշային Յուրի Պատրիկեեւը: Այդ հավաքներով մեր ըմբիշները սկսեցին պատրաստվել նոր մրցաշրջանին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին, որ հաջորդ հավաքը նախատեսված է գալիք տարվա փետրվարին: «Հունվարի 25-28-ը տեղի կունենան հանրապետության առաջնությունները, որոնց արդյունքներով կձեւավորվեն ազգային եւ երիտասարդական հավաքականների կազմերը: Դրանից հետո նոր պարզ կդառնա, թե ովքեր կմասնակցեն ուսումնամարզական հավաքներին» - ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Առաջին միջազգային մրցաշարը, որին կմասնակցի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, կլինի «Ոսկե գրանդ պրիի» 1-ին մրցումները, որը տեղի կունենա փետրվարի 11-13-ը, Ստամբուլում: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը փետրվարի 11-12-ը կմասնակցի Սերբիայում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարին, իսկ մարտի 5-6-ը հանդես կգա Հունգարիայի գրանդ պրիին: