Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականը համալրում կստանա արտասահմանից

Սպորտ
fe6fad2811feb4c845c21cb2774177bb

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը 2011 թվականին կհամալրվի երկու նորեկներով: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց մեր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

«Վլադիմիր Սարուխանյանը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, ծնունդով Գյումրիից, սակայն այժմ բնակվում է Ռուսաստանում: Նա ժամանակին ընդգրկվել էր Հայաստանի հավաքականում, սակայն ինչ-ինչ պատճառներով չամրապնդվեց հիմնական կազմում: Վլադիմիրը աշխարհի երիտասարդների չեմպիոն է: Նա շատ հեռանկարային բռնցքամարտիկ է, ուստի մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ»,-ասաց նա:

Մեր հավաքականի մյուս նորեկը 91 կգ քաշային Արմեն Սիմոնյանն է, որը հանդես է եկել Ուկրաինայի երիտասարդական թիմում: «Նրան ես տեսել եմ Բաքվում կայացած աշխարհի երիտասարդների առաջնության ժամանակ: Առաջին մարտում Արմենը պարզապես «քոթակեց» իր ադրբեջանցի մրցակցին: Ճիշտ է, հետագայում նա դուրս մնաց պայքարից, սակայն շատ լավ տպավորություն թողեց: Համոզված եմ, որ նա բավականին կուժեղացնի մեր հավաքականի ներուժը» - եզրակացրեց փորձառու մարզիչը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նոր մրցաշրջանին սկսելու է նախապատրաստվել հունվարի 8-ից, երբ Ծաղկաձորում կանցկացնի իր առաջին ուսումնամարզական հավաքը: Մեր թիմին բավականին լուրջ փորձություն է սպասվում 2011 թվականին, քանի որ մեծահասակների աշխարհի առաջնությունը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իսկ այդ մրցումները անչափ կարեւոր նշանակություն ունեն, քանի որ խաղարկվելու են 2012 թ օլիմպիական խաղերի ուղեգրերը: