«Ո՞վ, եթե ոչ նկարիչը կարող է աշխարհին միշտ նոր ու անսովոր ռակուրսից նայել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, Նիկոլայ Նիկողոսյան ցուցասրահում բացվեց «Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» 2-րդ նախագծի ցուցադրությունը։ Ներկայացված են 20-րդ դարի հայ կերպարվեստի ականավոր արվեստագետների՝ Նիկոլայ Նիկողոսյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Ալեքսանդր Գրիգորյանի, Գրիգոր Խանջյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Հովհաննես Զարդարյանի՝ աշխարհի տարբեր երկրներում կատարված աշխատանքներից:
Արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, որպես ցուցադրության կոնցեպտ վերցրել են ամերիկյան նովելիստ Հենրի Միլլերի խոսքերը․ «Նպատակը ոչ թե վայրն է, այլ աշխարհին նորովի նայելու ունակությունը»։
«Ո՞վ, եթե ոչ նկարիչը կարող է աշխարհին միշտ նոր ու անսովոր ռակուրսից նայել։ Իսկ երբ ապրում ես երկաթյա վարագույրի հետևում և հստակորեն զգում ես քեզ ու աշխարհին բաժանող անջրպետը, արվեստը դառնում է կամուրջ մշակույթների ու մարդկանց միջև։ Խորհրդային Միությունում արվեստագետները արտաքին աշխարհի հետ կապող օղակ էին, արվեստի յուրօրինակ դեսպաններ»,- ասում է արվեստաբանը։