Տեքստիլ արդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել մինչև 160 հազար դրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։ Քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը՝ հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն և գործողությունների ծրագիր։ Երկամսյա պետական տեսչական ստուգումների արդյունքում բացահայտվել են հայ արտադրողների թույլ և ուժեղ կողմերը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկությունների թիվը ներկայումս ավելի քան 30 է։
Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվել է ընկերություններում կատարված ուսումնասիրությունների, անհատական խորհրդատվությունների, ինչպես նաև ոլորտի փորձագետների հետ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքների հիման վրա: Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ շուտով Հայաստանը կկարողանա մրցակցել այլ երկրների հետ, իսկ մրցավազքում առաջ անցնել հնարավոր կլինի միայն հնգամյա ծրագրով նախանշված քայլերի իրականացման շնորհիվ։ Այս ոլորտի արտադրողականությունը նախատեսվում է բարձրացնել 2,7 անգամ։
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել միջազգային ցուցահանդեսներին տեղական բրենդերի և ձեռնարկությունների մասնակցության համար։ Բացի այդ, կհատկացվեն կրթաթոշակներ՝ տեքստիլի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ Ծրագրի կետերից է նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։
Նախատեսվում է Հայաստանում բացել առաջատար կրթական կենտրոնների մասնաճյուղեր։ Ներկայումս տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներգրավված է ավելի քան 8,4 հազար աշխատող։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում կանխատեսվում է աշխատատեղերի թվի ավելացում, զգալիորեն կբարձրանա նաև արտադրողականությունը։ Միաժամանակ միջին աշխատավարձը կկազմի շուրջ 160 հազար դրամ (աճը՝ մեկուկես անգամ)։ Արտադրանքի արտահանումը կկազմի 536,9 մլն դոլար։