Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Քո թուլությունը հենց առաջին ազդակն է, որ քո հանդեպ կոպիտ վարվեն, հենց այնպես՝ ինչը մենք անվանում ենք պատերազմ»․ Aravot.am (տեսանյութ)

Aravot.am-ի «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ 44-օրյա պատերազմի մասնակից գեղանկարիչ Արթուր Ավագյանը եւ քաղաքագետ Նվեր Կիրակոսյանը 5 օր շարունակ պայքարի ձեւն ընտրել էին հացադուլը՝ հայտարարելով, թե իրենց խնդիրն է հանրության գիտակցությանը հասցնելը, որ Արցախն իրոք վտանգված է:

Ապրիլի 22-ին հայտարարեցին, որ այդ խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։ Մինչդեռ ավելի վաղ մանրամասնել էին, որ այդ խնդիրը լուծված կհամարեն, երբ հավաքվի անկախության սերնդի այն կրիտիկական հատվածը, «որը կասի՝ ես տեր եմ ժառանգությանը, մտահոգ եմ ու պատրաստ եմ դրա համար անել գործողություններ՝ հրաժարվել միայն ստատուսներ գրելուց կամ անտարբեր մնալուց։ Երբ ունենանք այդ վիճակը՝ կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է»։

Այս պնդումն արած Նվեր Կիրակոսյանը հաղորդման ընթացքում մանրամասնեց․ «Մենք դրան զուգահեռ անընդհատ շեշտում էինք, որ կրիտիկական զանգվածը թվով չափելը տեղին մոտեցում չէ, քանի որ կրիտիկական զանգվածը մարդկանց խումբ է, որը պատրաստ է գործողությունների։

Այսինքն՝ եթե այդ մասով իր պահանջը չի բավարարում՝ ինքը կատարում է իր գործողությունները։ Եվ այո, մենք 5 օրերի ընթացքում հազարավոր մարդկանց հետ շփվեցինք։ Մենք ասում էինք, որ մեր էներգիայի աղբյուրը հենց այդ մարդկանց հետ շփումներն են։ Մենք տեսանք մարդկանց աչքերում ամենակարեւորը՝ այն համոզմունքը, որ իրենք իրոք Արցախին եւ Արցախում ապրող ժողովրդին մենակ չեն թողելու»։

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը»։ 

Արթուր Ավագյանը հարցին, թե արդյոք կուզենա՞ր, որ ՀՀ կառավարությունը որդեգրեր նման «բաժակաճառեր»՝ հարցով պատասխանեց․ «Արցախի ազատագրումը բաժակաճա՞ռ էր։ Եթե այդպես նայենք՝ պետք է ասենք, որ Զեյթունի ապստամբությունը բաժակաճառ էր․․․ Այդպես չի լինում։ Կան հանգամանքներ, երբ բավարար չէ միայն, որ քո ռեսուրսը հաշվի առնես ու ասես՝ այ, իրենք շատ ավելի շատ ռեսուրս ունեն, հետեւաբար ես պետք է տեղի տամ»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։