Կոմպոզիտորի նոր ձայնասկավառակը
Հայ երաժշտարվեստում իր յուրատիպ ձեռագիրն ունեցող կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված "Սարյան ֆեստի" շրջանակներում կայացավ Ռոբերտ Ամիրխանյանի Հեղինակային երեկոն ու ձայնասկավառակի շնորհանդեսը:
Դրան մասնակցեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, երգիչներ Գուրգեն Բավեյանը, Սեդա Ամիր-Կարայանը, Իրինա Զաքյանը:
"Ատամնաբույժն արևելյան "մյուզիքլի, Հայոց Նոր բանակի Հիմներգի, սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային երկերի ու սիրված, ճանաչված, միջազգային մրցույթներում բարձր մրցանակների արժանացած երգերի հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանի կենսակերպի ու արարի սկզբունքը գարունն է, զարթոնքն ու սերը:
Փառատոնի կազմակերպիչների` Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նպատակն է հայ արդի կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները նորովի արժևորել ու ներկայացնել համաշխարհային հանրությանը:
Ձայնասկավառակի թողարկումը իրականացրել են Ամիրխանյանի երաժշտության գերմանացի երկրպագուները, որոնք ներկա էին այս երեկոյին:
Ձայնասկավառակի շնորհանդեսը կայացավ, սակայն հանրությանն այն կներկայացվի գարնանը: