Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի և մյուսների արարքներում Եվրոպական դատարանը չի տեսել պատժելի արարքներ (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանի առաջին որոշումը եղել է Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով։ Բողոքի համար հիմք է հանդիսացել Եվրոպական դատարանի որոշումը և որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Ազատ Մարգարյանը՝ պարզաբանելով, թե ինչի հիման վրա են արդարացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները «մարտի 1-ի» աղմկահարույց գործի շրջանականերում։

 

«Մարտի 1-ի» հայտնի իրադարձությունների հետ կապված քննված քրգործերով Գլխավոր դատախազի կողմից այս երեք տարիների ընթացքում 20-ից ավելի բողոքներ է բերվել։ Բոլոր դեպքերում վճռաբեկ դատարանի կողմից բերված բողոքները ընդունվել են վարույթ և բոլորն էլ բավարարվել են»,- ասաց Ազատ Մարգարյանը։

 

Դատախազի խոսքով՝ վճռաբեկ բողոքների բավարարելու հիմքը հանդիսացել են Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք կարելի է բաժանել այսպես ասած երկու խմբի։

 

«Մուշեղ Սաղաթելյանի գործով հիմնական ասելիքը եղել է այն, որ ապացույցների բավարարվածությանն է վերաբերել, երբ շատ դեպքերում անձինք դատապարտել են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, և եղել են այլ հնարավորություններ ստուգելու ցուցմունքների արժանահավատությունը, որոնք չեն կատարվել»,- բացատրեց Ազատ Մարգարյանը՝ նշելով, որ այդ մասով շատ գործեր հետ են ուղարկվել առաջին ատյան դատաքննության, որոնց արդյունքում անձինք կրկին արդարացվել են։

 

«Նիկոլ Փաշինյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի գործերով արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում։

 

Նրանց արարքներում Եվրոպական դատարանը չի տեսել որևէ պատժելի արարաքներ և սա հիմնականում վերաբերվել է քրեական օրենսգրքի 225 հոդվածի մեղադրանքով դատապարտված անձանց»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ «Գլխավոր դատախազի բերած վճռաբեկ բողոքը Նիկոլ Փաշինյանի մասով նորից հիմնված էր  վերը նշված սկզբունքի վրա, որտեղ Եվրոպական դատարանը սևով սպիտակի վրա արձանագրել է, որ տեղի ունեցած բախումները և անկարգությունները որևէ ձև ընդդիմության առաջնորդների կողմից կազմակերպված չեն եղել»։

 

Իսկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած դեպքերի մասով դատախազն ասաց, որ դրանք եղել են մարտի 1-ի առավոտյան անձանց հրապարակից հանելու արդյունքում և ոչ իրավաչափ ուժ կիրառելու արդյունքում անձինք դիմել են փախուստի՝ հավաքվելով Մյասնիկյանի արձանի մոտ։

«Հետագա բախումների որևէ ձև կազմակերպված լինելու մասին որևէ տվյալ Եվրոպական դատարանին ներկայացված չի եղել»,- պարզաբանեց դատախազ Ազատ Մարգարյանը։

 

Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանի, 2008-ի մարտյան հավաքների ակտիվ մասնակից, այժմ սկանդինավյան 5 երկրներում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի դատավճիռները․ Փաշինյանը, Միքայելյանն ու Արզումանյանն արդարացվեցին։