Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Առանց Արցախի և ԵԱՀԿ Մինսկի խմբի. ի՞նչ են կանխորոշում բրյուսելյան բանակցությունները․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

2021-ի դեկտեմբերյան հանդիպման ժամանակ ավելի շոշափելի արդյունքներ են արձանագրվել և պայմանավորվածություններն ավելի հստակ էին։

«Հոդված 3» ակումբում Բրյուսելյան հանդիպման քննարկմանը քաղաքագետ Բենիամին Պողոսյանն արձանագրեց, որ Եվրախորհրդի պատգամավոր Շառլ Միշելի ապրիլի 6-ի հայտարարությունը լղոզված է։

Բանախոսի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձում է հրաժարվել Հայաստանի հետ հաղորդակցման ուղիների վերաբացումից։ Դա պատճառաբանվում է Հայաստանի կողմից այսպես կոչված Սյունիքով միջանցք չտրամադրելու խնդրով։

«Ադրբեջանը դա դիտարկում է ընդհանրապես նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտում։  Ընդհանրապես մերժում է հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը և կփորձի Նախիջևանի հետ երկաթուղային կապը Իրանի տարածքով ստեղծել։ Գիտենք, որ մարտի 11-ին այնտեղ հուշագիր ստորագրվեց, որը ենթադրում է Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ երկաթուղային կամուրջի կառուցում» ասում է Պողոսյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Եվրախորհրդի պատգամավոր Շառլ Միշելի հայտարարությունում Հայաստանի և Ադրբեջանի  ԱԳՆ նախարարների  մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանք սկսելու մասին հիշատակման մեջ ևս նորություն չկա։

«Նման խորհրդակցությունները արդեն վաղուց են գործարկվում Ալիևի խորհրդականի և Հայաստանի ԱԽՔ քարտուղարի միջև։ Առաջին հանդիպումը մարտի 30-ին էր, և այն ենթադրաբար կրելու է պարբերական բնույթ»,-ասում է Բենիամին Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ միակ արձանագրված պայմանավորվածությունը մինչև Ապրիլի վերջ սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծում է։ Պողոսյանը, սակայն, այս այդ խնդրի լուծման հարցում  ևս վստահ չէ։ Նա հիշեցնում է անցյալ տարի Նոյեմբերի 26-ին Պուտինի խոսքը։ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ մինչև Դեկտեմբերի վերջ պետք է ֆիքսվեն դելիմիտացիայի մեխանիզմներ,- հիշեցնում է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին՝ Պողոսյանը խորհուրդ տվեց իշխանություններին զգույշ լինել։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվում է այն պետությունների միջև,  որոնք ֆորմալ եղել են պատերազմի մեջ։

Նրա դիտարկմամբ՝ Խաղաղության համաձայնագիր ասելով մենք Արցախի հարցը ազգերի ինքնորոշման սկզբունքով լուծելու տարբերակի վրա խաչ ենք դնում՝ խնդիրը տեղափոխելով  տարածքային վեճի դաշտ։

«Ես շատ դժվար եմ պատկերացնում, որ այս բանակցությունների արդյունքում ստորագրվի խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև,  որտեղ կֆիքսվի, որ Արցախի հանրապետությունը նույնիսկ իր ներկա մոտ 3000 քկմ սահմաններով անկախ պետություն է»,-ընդգծում է բանախոսը։

Քննարկման մեկ այլ բանախոս՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կարծես թե չեն հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից։

«Կարգավիճակ ասելով՝ չի կարելի հասկանալ անկախություն․․․ որևէ կարգավիճակ թեկուզ Ադրբեջանի կազմում, չի հրաժարվել նաև անվտանգության երաշխիքների քննարկման հարցից»։